Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է 85 ֆիլմից բաղկացած ցանկը, որոնք հավակնում են «Օսկարի» «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում:
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի ռուս-հայկական արտադրության «Երկրաշարժ» ֆիլմն այդ ցանկում ընդգրկված չէ:
Կինոակադեմիան ցուցակում ընդգրկված ֆիլմերից պետք է ընտրի 9 ամենահավանական հավակնորդին, իսկ հետո արդեն` 5 նոմինանտին, որոնք էլ իրապես կհավակնեն «Օսկարի»:
Կինոնկարը պամում է 1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին: Կինոնկարի գործողությունները ծավալվում են Լենինականում: 1988 թվական դեկտեմբերի 7-ին ժամը 11 անց 41րոպե 22,7 վայրկյանին ցնցվեցին Հայաստանի հյուսիսային շրջանները:
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմում նկարահանվել են Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Դանիիլ Իզոտովը, Արտյոմ Բիստրովը, Հրանտ Թոխատյանը, Սոս Ջանիբեկյանը, Միքայել Պողոսյանը, Տաթեև Հովակիմյանն ու Վիկտոր Ստեփանյանը:
Սյուժեի համաձայն, Սպիտակի երկրաշարժի ֆոնին ծավալում է երիտասարդ Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը: Նրա կյանքը մանկական տարիներից արդեն ծանր էր՝ մանկատուն, փողոց, բանտ: Նրա ծնողները մնացել են սեփական տան փլատակների տակ, որը փլուզվել է շինարարների անբարեխիղճ աշխատանքի պատճառով: Ողբերգության մեղավորը աշղեկ Անդրեյ Բերեժնոյն է, որին հետագայում դատարանն արդարացնում է, բայց Ռոբերտը երդվում է վրեժ լուծել ծնողների ողբերգական մահվան համար:
Երկրաշարժի ժամանակ Ռոբերտը հայտնվում է ազատության մեջ և կանգնում ծանր ընտրության առջև՝ փախչել, թե մնալ Լենինականում՝ հնարավորինս շատ մարդ փրկելով: Ըստ ճակատագրի հեգնանքի, նա հայտնվում է իր «թշնամու» հետ նույն փրկարարական ջոկատում: Մերձենալով հերոսի հետ համընդհանուր աղետի պահին՝ Անդրեյը պատմում է Ռոբերտին իր կյանքի պատմությունը, որը 15 տարիտանջում էր նրան: Կարեկցանքը դժբախտ մարդու հանդեպ, որը կորցրել է ընտանիքը, հաղթահարում է վրեժի ծարավը:
Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2015-ի հոկտեմբերին Մոսկվայում, իսկ հետո՝ շարունակվել Գյումրիում:
«Օսկար» 89-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2017թ. փետրվարի 26-ին: