12 հոկտեմբերի 2016 - 12:20 AMT
Լուսին Դինք. Ստամբուլի հայկական համայնքը հայեցի կրթություն տվող նախակրթարանների կարիք ունի

Ստամբուլի հայ համայնքի մի շարք ընտանիքներ և հատկապես երիտասարդ մայրերն ահազանգում են, որ համայնքը հայեցի կրթություն տվող նախակրթարանների կարիք ունի:

«Ակօսին» հղումով Tert.am-ը գրում է, որ չնայած Ստամբուլում գործում են մի շարք հայկական վարժարաններ, որոնց թվում կան տարրական, միջին և ավագ դպրոցներ, հայ մայրերը համայնքից խնդրում և պահանջում են, որ ստեղծվեն հայկական նախակրթարաններ, որոնց շնորհիվ հայ ընտանիքի երեխան կկարողանա հայախոս միջավայրում ձևավորվել հենց այն ժամանակաշրջանում, երբ սկսում է խոսել:

Ռեժիսոր և երիտասարդ մայրիկ Լուսին Դինքը (Հրանտ Դինքի եղբոր՝ Խոսրով Դինքի դուստրը) «Ակօս»-ի էջերում կիսվել է խնդրի վերաբերյալ իր մտահոգություններով և առաջարկներով:

«Աղջիկս 1.5 տարեկան է: Ցանկացա նրան այս տարի շաբաթական գոնե մի քանի ժամով հայկական կրթարան տանել: Մեր կրթարանները երեխաներին ընդունում են 3 տարեկանից: Այս իրավիճակը դրդում է շատ ընտանիքների իրենց երեխաներին ստիպված պետական թուրքական մանկապարտեզներ ուղարկել: Երբ զանգահարեցի մեր կրթարաններից մեկը, ինձ ասացին. «Ախր գոնե խոսել իմանար ամբողջովին»: Ըստ իս՝ հենց խոսել սովորելու շրջանում երեխայիս հայկական միջավայրում լինելն է կարևոր: Ես հայերեն եմ խոսում, բայց, օրինակ, գնում ենք այգի, երեխան կողքի մարդկանցից այս կամ այն բառերն է սերտում, թուրքական միջավայրի դիմաց քոնը մնում է անբավարար: Բայց չէ՞ որ կարող են ստեղծվել 0-3 տարեկան երեխաների համար խաղային խմբեր: Դադյան հայկական դպրոցի շենքը դատարկ կանգնած է: Եթե օգտագործվի այդ նպատակով, ապա ես կտանեմ իմ երեխային այնտեղ՝ Բաքըրքյոյ (Ստամբուլի եվրոպական մասում գտնվող հայաշատ թաղամաս), թեկուզև ապրում եմ Քադըքյոյում (Քադըքյոյը Բոսֆորի մյուս ափին գտնվող հին հայկական-հունական թաղամասն է, որը համարվում է Ստամբուլի ասիական հատվածի երկու մեծ շրջաններից մեկը):

Ինչո՞ւ մենք պետք է երեխային կրթության տանք հայ համայնքից դուրս, հենց այն շրջանում, երբ ձևավորվում է նրա բնավորությունը: Սա հիմքերը դնելու խնդիրն է: Լեզու կոչվածը միայն հայերեն սովորելը չէ, լեզուն նաև մեր մշակույթն է: Ես չեմ կարծում, որ մեր համայնքն ի վիճակի չէ կազմակերպելու այս ամենը: Պլազաների բարձրահարկ շենքեր կառուցել կարողացող համայնքը մանկապարտեզ էլ կկառուցի»,- նշել է Լուսին Դինքը:

Ստամբուլում գործում է 16 հայկական վարժարան, որոնցից 13-ը մասնավոր են, 3-ն էլ համարվում են համայնքի ընդհանուր սեփականությունը (Լոզանի պայմանագրի 3-րդ բաժնի 40-րդ կետի համաձայն՝ Թուրքիայի կրոնական փոքրամասնություններն իրավունք ունեն իրենց հաշվին ստեղծել համայնքային դպրոցներ, բարեգործական հիմնադրամներ և այլ հաստատություններ): Այս դպրոցներում կարող են սովորել 6 տարեկանը բոլորած հայ քրիստոնյա ընտանիքի զավակները: Դպրոցներն ունեն նաև նախակրթական որոշ ծրագրեր՝ սկսած 3 տարեկանից:

Թուրքիայի հայկական վարժարանների մեծ մասը գոյատևում է համայնքի տարբեր բարերարների նվիրատվությունների հաշվին, դրա հետ զուգահեռ՝ դպրոցներ հաճախող հայ աշակերտների թիվն ամեն տարի նվազում է: Դա կապված է թե՛ Պոլսի հայ համայնքի արտագաղթի, թե՛ վարժարանների ուսման բարձր վարձավճարների հետ (Ստամբուլի հայկական վարժարանների ուսման վարձերը կազմում են տարեկան միջինը 3000 դոլար):