22 մայիսի 2007 - 18:02 AMT
Հայաստան-ԱՄՆ ռազմական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է եւ շարունակելու է զարգանալ
Հայկական կողմը բարձր է գնահատում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ մայիսի 22-ին: Պատասխանելով Հայաստանի եւ ԱՄՆ-ի հետ ռազմական ասպարեզում համագործակցության մասին հարցին` նախարարը նշել է, որ երկկողմանի համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա եւ հետագա զարգացման հնարավորություն ունի:

«Ես շնորհակալ եմ ԱՄՆ-ի ղեկավարությանը այն օգնության համար, որը նրանք ցուցաբերում են մեզ»,- նշել է Հարությունյանը` հավելելով, որ նկատի ունի ոչ միայն ուղիղ ֆինանսական օգնությունը, այլեւ համատեղ իրականանալի բազմաթիվ ծրագրերը: «Դրանք շատ են, եւ եթե մենք այսօր սկսենք դրանց մասին խոսել, ապա երկար կթվարկենք: Ես միայն ցանկանում եմ կրկնել, որ մեր համագործակցությունն ԱՄՆ-ի հետ բավականին բարձր մակարդակի վրա է: Եվ վստահ եղեք, այն կզարգանա»,- նշել է Հարությունյանը, հաղորդում է Regnum-ը:

Նշենք, որ մայիսի 22-ին Հայաստանի Պաշտպանության Մարդասիրական ականազերծման կենտրոնում բացվել է անգլերեն լեզվի բաժին: Բացման արարողությանը ներկա էր Մեծ Բրիտանիայի դեսպան Էնթոնի Կենթորը: Բաժնի բացումը հնարավոր է դարձել Մեծ Բրիտանիայի դեսպանատան եւ «Բրիտանական խորհուրդ» կազմակերպության ակտիվ աջակցության շնորհիվ: