Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է նրանց, ովքեր չեն ցանկանում, որ Թուրքիան միանա Մոսուլի ազատագրմանը «Իսլամական պետությունից»: Այդ մասին նա հայտարարել է Ստամբուլում Եվրասիական իսլամական խորհրդի 9-րդ նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում:
Ըստ նրա, ԻՊ-ն սպառնում է Թուրքիային և Թուրքիայի պարտականությունն է միջոցներ ձեռնարկել կանխելու համար հնարավոր գրոհը ԻՊ կողմից, օգնելու հարևան Իրաքին ու Սիրիային, գրում է «Վեդոմոստին» Hurriyet-ի վրա հղումով:
Նա հայտարարել է, թե Թուրքիային թույլտվություն հարկավոր չէ ռազմական գործողությանը միանալու համար: Թուրքիան մտադիր չէ որևէ մեկից թույլտվություն խնդրել, հավելել է Էրդողանը:
«Որոշ պետություններ բազում կիլոմետրեր են կտրում Աֆղանստանում և այլ երկրներում գործողություններին մասնակցելու համար, եթե կարծում են, որ սպառնալիք կա, մինչդեռ Թուրքիային, որը 911 կմ ընդհանուր սահման ունի Սիրիայի և 350 կմ` Իրաքի հետ, չեն ցանկանում թույլ տալ միջամտել և վերացնել հարևան երկրներից բխող սպառնալիքը»,-ասել է նա:
Իրաքի խորհրդարանը դեմ է թուրք զինվորականների ներկայությանն Իրաքում, իսկ Բաղդադում Թուրքիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել պատգամավորներից այդ կապակցությամբ, որից հետո Անկարայում Իրաքի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ: