12 հոկտեմբերի 2016 - 16:48 AMT
Ուրիխանյանը փոխել է մանդատը վայր դնելու որոշումը. Մեկ այլ քաղաքական թիմի կմիանա

«Ալյանս» կուսակցության նախկին ղեկավար Տիգրան Ուրիխանյանը փոխել է մանդատը վայր դնելու իր որոշումը: Այս մասին տեղեկացնում է«Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը:

Հոկտեմբերի 3-ին «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել կուսակցության վարչությանը՝ միևնույն ժամանակ շարունակելով մնալ կուսակցության վարչության կազմում և պատրաստակամություն հայտնելով կատարելու վարչության անդամի բոլոր պարտականությունները կուսակցության զարգացման ու առաջընթացի համար: Այս մասին հայտնել է «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը:

Միևնույն ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Ուրիխանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահին:

«Վստահաբար, մի քանի հազար քաղաքացիների բաց նամակները, խորհրդարանի իմ մի քանի տասնյակ գործընկեր պատգամավորների արձագանքը, ժողովրդի շահի պաշտպանության շարունակության պահանջվածությունն ունեցան չափազանց էական ազդեցություն պատգամավորական մանդատս վայր դնելու որոշման վրա:

Խորհրդակցությունների շարք եմ ունեցել խորհրդարանական գրեթե բոլոր ուժերի ղեկավարների ու ներկայացուցիչների հետ և չափազանց բարձր եմ գնահատում հարգարժան գործընկերներիս կամեցողությունն ու զորակցությունը», - ասել է Ուրիխանյանը: