Մշակույթի նախարարի մոտ ամենշաբաթյա հերթական ժողովի ընթացքում հոկտեմբերի 12-ին քննարկվել է 9 հարց:
Նախարարության լրատվական վարչությունը համառոտ ներկայացրել է արծարծված խնդիրնեը.
1. Բոլոր թանգարաններում «աուդիո գիդ», «վիրտուալ գիդ» համակարգեր ներդնելու համար անհրաժեշտ ֆինանսական հաշվարկ ( կատարման ընթացքի մեջ է):
2. ՀՀ տարածքում գործող թատերասրահների, համերգասրահների, համերգային բացօթյա հարթակների, ցուցասրահների վիրտուալ քարտեզագրում (կատարման ընթացքի մեջ է):
3. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հաշմանդամության խնդիրներ ունեցող անձանց համար թեքահարթակների, սանսենյակի ապահովում ( ընթացքի մեջ է):
4. Նախարարության ՊՈԱԿ-ների կողմից վարձակալությամբ տրվող տարածքների վարձավճարների վերաբերյալ անկախ, հեղինակավոր մարմնի եզրակացություն: Նախարարի հանձնարարականը՝ երբ այդ վճարներն անտրամաբանականորեն ցածր են, պայմանագրերը վերանայելու իրավական ձևեր գտնել. «Նման գներով վարձակալություն չպետք է լինի. ով էլ լինի»:
5. Մշակութային կազմակերպություններ այցելուների՝ պատահարներից ապահովագրության ներդրում:
6. Հովհաննես Թումանյանի՝ Դսեղում գտնվող տուն-թանգարանում ենթակառույցների, այդ թվում՝ սանհանգույցի, թեմատիկ սրճարանի և հուշանվերների կրպակի շինարարության ծրագիր և դենդրո նախագծի մշակում (կատարման ընթացքի մեջ է) :
7. Հայաստանի ամենաարժեքավոր 100 պատմամշակութային հուշարձանների մասին լեգենդների բազմալեզու հրատարակություն՝ բարձրորակ պատկերներով, ինչը նաև էքսկուրսավարների համար օգտակար ուղեցույց կլինի:
8. Մշակութային օջախներում տոմսային միասնական համակարգ ներդնելու համար մրցույթի նախապատրաստություն: Տպագիր տոմսերի հակառակ կողմում մշակութային գովազդ է տեղադրվելու: Տոմսերը պետք է վաճառվեն նաև առցանց, ինչը նախարարությանը հնարավորություն կտա վերլուծելու յուրաքանչյուր մշակութային օջախի հաճախելիությունը: Նախարարի կարծիքով, համակարգը նաև հնարավորություն կտա բացառելու տոմսերի ստվերային շրջանառության մասին խոսակցությունները. «Ոչ թե՝ կա, այլ նման խոսակցությունները և ռիսկերը բացառելու համար»:
9. Քննարկվել է նաև համայնքային գրադարաններն աշխուժացնելու, ընթերցողին անվճար Wi-Fi մատուցելու հարցը:
Սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրի համաձայն մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին պաշտոնում փոխարինել է Արմեն Ամիրյանը: