Գործադիրի հոկտեմբերի 13-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանին հանձնարարել է տասնօրյա ժամկետում ուսումնասիրել մարզական, հասարակական կազմակերպությունների կողմից մարզական բնույթի միջոցառումներ կազմակերպելու, պարգևատրումներ կատարելու համար պետական բյուջեից միջոցներ հատկացող գումարների ծախսման արդյունավետությունը, դրանց հիմնավորվածությունը, և կրճատել անարդյունավետ և չհիմնավորված ծախսերը:
«Կրճատման արդյունքում խնայված միջոցները սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմանն ուղղելու նպատակով ներկայացնել մջոցառումների ծրագիր և գումարներ»,-հանձնարարել է Կարապետյանը և հավելել.
«Մասսայական սպորտի, առողջ ապրելակերպին ուղղված ամեն օր պետք է քայլեր կատարվեն: Խոսել ենք նախարարի հետ, նա պետք է ներկայացնի ծրագիր: Ամպագոռգոռ բաներ չեմ ուզում ասել, բայց պետք է նույնիսկ ազգային ծրագիր, հանրապետական ծրագիր, որպեսզի դա դառնա մեր կյանքի ապրելաոճը»,- վարչապետի խոսքը մեջբերում է Panorama.am-ը:
Կառավարության նիստում վարչապետը նաև նշել է, թե հաշվի առնելով ժամանակակից ՏՏ հնարավորությունները՝ սոցիալական ծառայությունների տրամադրումը պետք է դարձնել ավելի հասանելի: