Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) անդամ երկրները ԱՄՆ և ՆԱՏՕ-ի Հակահրթիռային պաշտպանության համակարգերը (ՀՀՊ) դիտարկում են որպես սպառնալիք իրենց անվտանգությանը և կհակազդեն դրան:
Համապատասխան դրույթը ներառված է մինչև 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության մեջ, որն, ինչպես ակնկալվում է, հաստատվելու է Երևանում հոկտեմբերի 14-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ-ում ՌԴ լիազոր ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը, հայտնում է Ինտերֆաքսը:
«Ռազմավարության առանձին բաժնում կարտացոլվի ՀԱՊԿ անդամ պետությունների հակահրթիռային և հակաօդային պաշտպանության թեման: Մենք տեսնում ենք, որ այդպիսի քայլերը կրում են միակողմանի բնույթ, որ. ՆԱՏՕ-ի երկրներն, ու առաջին հերթին ԱՄՆ-ն, հարկ չեն համարում մեղ հետ այդ հարցը համաձայնեցնելու և ավելացնում են ԱՄՆ և ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերը ՌԴ սահմաններին և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»,-ասել է Վասիլևը:
«Նախկինում ԵվրոՀՀՊ ծավալումը կապվում էր իբր առկա իրանական միջուկային սպառնալիքի հետ, սակայն ոչ մի նման իրական սպառնալիք չկա, բայց ԱՄՆ ՀՀՊ ենթակառուցվածքների տեղակայումը շարունակվում է և Լեհաստանում, և Ռումինիայում», - ասել է նա:
«Դա իր արտացոլանքն է ստացել մեր Հավաքական անվտանգության ռազմավարությունում: Մենք մտահոգված ենք ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ այդ քայլերով և հակազդելու ենք դրան», - ասել է Վասիլևը:
ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը:
Հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նստաշրջանում կքննարկվեն ՀԱՊԿ նախորդ տարվա գագաթնաժողովների որոշումների իրականացման ընթացքը, ինչպես նաև կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանի կողմից առաջադրված առաջնահերթությունները: