13 հոկտեմբերի 2016 - 15:08 AMT
Մանկավարժականն ու ԱՄՆ Մինեսոտայի համալսարանը կգործակցեն ներառական կրթության ներդրման մասով

Հայկական պետական մանկավարժական համալսարանում հոկտեմբերի 13-ին մեկնարկել է Բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումները ներառականության համատեքստում միջազգային աշխատաժողովը՝ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), Հայկական պետական մանկավարժական համալսարանի /ՀՊՄՀ/ և ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ:

Այն ազդարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությամբ և աջակցությամբ 2016-2018թթ. ՀՊՄՀ-ի և ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի գործընկերության պաշտոնական մեկնարկը։

Գործընկերության նպատակն է ՀՊՄՀ հատուկ կրթության ֆակուլտետի դասախոսներին փոխանցել ներառական կրթության կազմակերպման վերաբերյալ միջազգային փորձը, իրականացնել կրթական ծրագրերի և ֆակուլտետում դասավանդվող առարկաների բովանդակության վերանայում։ Գործընկերության շրջանակներում, միջազգային խորհրդատվության և տեխնիկական աջակցության շնորհիվ կամրապնդվեն ՀՊՄՀ-ի կրթական, հետազոտական, ինչպես նաև ներառական կրթությանն արդյունավետ աջակցելու կարողությունները, հատուկ կրթության ֆակուլտետին առընթեր կհիմնադրվի ներառական կրթությանը աջակցող լաբորատորիա:

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2014-ին «Կրթության մասին» օրենքում կատարվեցին փոփոխություններ, համաձայն որոնց, Հայաստանը մինչև 2025թ. պետք է անցնի համատարած ներառական կրթության: Միևնույն ժամանակ ընթացքի մեջ է վերակազմավորման գործընթացը, որի արդյունքում հատուկ կրթական հաստատությունները կվերածվեն մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, որոնք զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներից բացի աջակցություն կտրամադրեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատող ուսուցիչներին, բազմամասնագիտական թիմերի անդամներին: