13 հոկտեմբերի 2016 - 16:33 AMT
Թուրքիայի օտարալեզու թերթերի համար սահմանափակումներ են սահմանվել

Թուրքիայում հրատարակվող այն թերթերը, որոնք միայն մասամբ են թուրքերեն, այլևս պետական ու պաշտոնական կառույցների հայտարարություններն ու գովազդները հրապարակելու իրավունք չեն ունենա:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ազգային փոքրամասնություններին՝ հայերին, քրդերին, հույներին, հրեաներին պատկանող թերթերին:

Թեմային անդրադարձել է թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթի թղթակից Այշե Յըլդըրըմը: Վերջինս նկատում է, որ արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում ընդունված այս որոշումը 1920-ականներին Թուրքիայում սկիզբ առած «Քաղաքացի, թուրքերեն խոսիր» շարժման մի նոր բռնկումն է:

Նա իր «Քաղաքացի, թուրքերեն գրիր» խորագրով հոդվածում նշում է, որ Թուրքիայի փոքրամասնություններին պատկանող թերթերը ևս, փաստորեն, դարձան արտակարգ դրության ռեժիմի զոհը:

Նշյալ որոշման տակ են ընկնում Թուրքիայում լույս տեսնող «Ակոս», «Նոր Մարմարա», «Ժամանակ», «Շալոմ», «Իհո» և այլ հայկական, քրդական, հունական թերթերն:

Որոշումը վերաբերում է նաև անգլերեն լույս տեսնող Hürriyet Daily News և Daily Sabah և այլ նմանատիպ պարբերականներին:

«Իշխանությունները, որ ցանկանում են մեկ հարվածով մի քանի թռչուն սպանել, այսպիսով պաշտոնականացնում են ձուլման քաղաքականությունը», - գրում է Այշե Յըլդըրըմը, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքիայի փոքրամասնություններին պատկանող թերթերին արգելվել էր պաշտոնական հայտարարություններ հրապարակել դեռևս 1980թ. սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից հետո: Սակայն 2011թ. օգոստոսի 28-ին այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը խոստացել էր վերականգնել ոչ թուրքերեն թերթերի այդ իրավունքը:

Ազգային փոքրամասնությունների համայնքների և հիմնադրամների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը վստահեցրել էր, որ օտարալեզու թերթերի՝ պաշտոնական հայտարարություններ հրապարակելու իրավունքը օրինականացնելու համար օրենսդրական փոփոխություններ կկատարվեն: Սակայն այդ փոփոխությունները այդպես էլ չկատարվեցին:

Ընդհակառակը, վերջին որոշմամբ լիովին իրավական հիմքի վրա դրվեց այլալեզու թերթերում պաշտոնական հայտարարություններ և գովազդներ չհրապարակելու միտումը: