13 հոկտեմբերի 2016 - 17:01 AMT
ՌԴ-ն մեծ լավատեսություն չունի մոտ ապագայում ԼՂՀ հիմնախնդրի լուծման հարցում

Մոսկվան չի կարծում, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել մոտ ապագայում, սակայն կշարունակի աջակցել կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Չէի ասի, թե մենք մեծ լավատեսությամբ ենք լցված մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, սակայն կշարունակենք ջանադրաբար աշխատել և Բաքվի, և Երևանի հետ` համագործակցելով մեր գործընկերների հետ»,-ասել է Ուշակովը:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: