ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատել է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերեշին, որի թեկնածությունն ավելի վաղ հավանություն էր ստացել Անվտանգության խորհրդում:
Գուտերեշը կստանձնի պաշտոնը 2017-ի հունվարի 1-ից:
Անտոնիու Գուտերեշը Պորտուգալիայի վարչապետ է եղել 1995-2002թ.: 2005-2015թթ. եղել է ՄԱԿ հանձնակատարը փախստականների գծով: Հոկտեմբերի 5-ին ՄԱԿ ԱԽ-ն ձայների մեծամասնությամբ հաստատել է նրա թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնի համար: Նրանից բացի պաշտոնին հավակնում էր ևս 9 թեկնածու:
Նախագահ Սերժ Սարգսյանն շնորհավորական ուղերձ է հղել Անտոնիո Գուտերեշին՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Միանգամայն ողջունելի է և հուսադրող, որ համաշխարհային Կազմակերպության ղեկավարման պատասխանատու առաքելությունը ստանձնում է Ձեզ նման արհեստավարժ պետական գործիչը, որն ունի տասնյակ տարիների փորձառություն` ինչպես ազգային, այնպես էլ միջազգային ասպարեզներում:
Ձեր իմաստնությունը, գիտելիքներն ու կարողությունները խիստ պահանջված են` հատկապես միջազգային խաղաղության, անվտանգության և զարգացման համար այս հարափոփոխ ժամանակաշրջանում: Կասկած չունեմ, որ Ձեր հմուտ ղեկավարումը կնպաստի Միավորված ազգերի կազմակերպության համակարգի ամրապնդմանը և նրա օրակարգային հարցերի առաջմղմանը: Ձեզ հաջողություններ եմ մաղթում այս դժվարին և կարևոր առաքելության իրականացման գործում:
Կցանկանայի Հայաստանի և անձամբ իմ աջակցությունը հայտնել Ձեզ և ակնկալել, որ մենք համագործակցության շատ հնարավորություններ կունենանք: Անշուշտ, Հայաստանը շարունակելու է իր նպաստը բերել Միավորված ազգերի կազմակերպության նպատակների ու իղձերի իրականացմանը»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: