14 հոկտեմբերի 2016 - 12:08 AMT
Ազգային կինոկենտրոնի տնօրեն. «Հայակ»-ը հնարավոր է 2017-ին անցկացվի

Երկու տարվա ընդմիջումից հետո ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխությունը նախատեսվում է անցկացնել 2017-ին:

«Արդեն երկու տարի է մրցանակաբաշխությունը չի կայանում: Հիմնական խնդիրը ֆինանսավորումն էր: Վերջին պահին հովանավորները հրաժարվում էին: Կարծում եմ՝ հաջորդ տարի կանցկացնենք»,- Panorama.am-ին ասել է Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Ըստ նրա, մրցույթում կընդգրկվեն 2015, 2016 թվականների ընթացքում նկարահանված ֆիլմերը: Գևորգյանի խոսքով, եթե մշտական հովանավոր ունենան, մրցանակաբաշխությունը կանցկացնեն ամեն տարի:

Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է: Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը ստեղծվել է ազգային կինոարտադրության խթանման ու զարգացման, նոր անունների բացահայտման, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելու, երկրի կինոգործիչներին համախմբելու, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելու, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելու նպատակով: «Հայակ» մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 2012-ին: