14 հոկտեմբերի 2016 - 15:34 AMT
ԱԳՆ-ն ողջունել է Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունումը: «Ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից դեռ ամռանը Ազգային ժողովում հաստատված՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ այս քայլով Ֆրանսիան կրկին անգամ վերահաստատում է իր արժեքավոր դերակատարումը անցյալում իրականացված ցեղասպանությունների դատապարտման և ժխտողականության դեմ պայքարի, ինչպես նաև՝ մարդկության դեմ հնարավոր նոր ոճիրների կանխարգելման գործում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 14-ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքում ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այս մասին հաղորդում է Nouvelles d'Arménie-ն՝ հավելելով, որ օրինագծին կողմ է քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր: Նաև նշվում է, որ օրինագիծն այլևս չի վերադարձվելու Ազգային ժողով՝ քննարկման:

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխություններին, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար:

Եղել են պատգամավորներ, որոնք կարծում էին, որ ընդհանուր օրենքից պետք է բեկանվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին դրույթը, սակայն հայկական համայնքն աշխատանք տարավ և հասավ նրան, որ Սենատի քննարկմանը ներկայացվի նաև այն տարբերակը, որն ամռանն ընդունվել էր Ստորին պալատում: Այն է` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթը ներառված: