14 հոկտեմբերի 2016 - 17:15 AMT
Մայրաքաղաքում մինի ֆուտբոլի ևս 9 խաղադաշտ է կառուցվել

Մայրաքաղաքում ավարտին է մոտենում մինի ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման ծրագիրը: Բակային տարածքներում ֆուտբոլ մարզաձևով զբաղվելու հնարավորությունները ընդլայնելու նկատառումով, ինչպես նաև բակային աշխույժ հանգիստն ապահովելու նպատակով 2016-ին կառուցվել է մինի ֆուտբոլի ևս 9 խաղադաշտ:

Այդ խաղադաշտերի տեղանքն ընտրվում է վարչական շրջանների հետ համատեղ` հաշվի առնելով բնակչության խտությունն ու քաղաքաշինական տեսակետից նման կառույց տեղակայելու հնարավորությունը, իսկ շահագործման են հանձնվում ամբողջովին կահավորված, արտաքին լուսավորության համակարգերով և հարակից տարածքների բարեկարգմամբ, առանձին դեպքերում` նաև փոքր տրիբունաների առկայությամբ:

2010-ից մեկնարկած ծրագրի շրջանակում ներառյալ 2016-ի 9 խաղադաշտը, մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն կառուցվել է մինի ֆուտբոլի 126 մարզադաշտ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: