15 հոկտեմբերի 2016 - 11:23 AMT
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա տարեվերջին Ռուսաստանում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հանվել է օրակարգից: Այդ մասին հոկտեմբերի 14-ին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում:

«Այդ հարցը մենք կքննարկենք 2016-ի ավարտին` Ռուսաստանում»,-ասել է նա:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է ստանձնի ՀՀ ներկայացուցիչը:

Հայաստանը պետք է ստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով: Դա պետք է տեղի ունենար դեռևս մեկ տարի առաջ, սակայն 2015-ին ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշվեց մեկ տարով երկարաձգել Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը:

Հոկտեմբերի 14-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի սեղմ կազմով նիստը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևի, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մասնակցությամբ: Նիստը վարել է Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սեղմ կազմով բանակցություններին հաջորդել է ընդլայնված կազմով նիստը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: