24 մայիսի 2007 - 14:33 AMT
Ռոբերտ Քոչարյանը համաձայնվել է հանդիպել Իլհամ Ալիեւի հետ Սանքտ Պետերբուրգում
«Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը համաձայնվել է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Սանքտ Պետերբուրգում, եւ մենք հուսով ենք, որ Բաքուն կտա իր համաձայնությունը»,-Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան): Միջնորդների խոսքերով, մշակվել է մի աշխատանքային փաստաթուղթ կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ, որտեղ կա որոշակի առաջընթաց: «Եթե կողմնորոշվենք արդյունքի վրա եւ ենթադրենք, որ նախագահների հանդիպումը հաջող կանցնի, այսինքն եթե աշխատանքային փաստաթուղթն ընդունվի որպես հիմք համաձայնության մշակման համար, ապա չի բացառվում բարձր մակարդակի հանդիպման եւս մեկ հնարավորություն»,-ընդգծել է Մերզլյակովը: Ռուս համանախագահը նշել է, որ եթե հիմնարար սկզբունքները արժանանան երկու երկրների նախագահների հավանությանը, կսկսվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջնական համաձայնության մշակմանն ուղղված աշխատանքը: Նա նաեւ հավելել է, որ մինչեւ տարեվերջ կարող է առաջընթաց գրանցվել կարգավորման հարցում:

«Այս անգամ մենք Լեռնային Ղարաբաղ չենք մեկնի, այցը կկայանա մեկ շաբաթ անց, երբ մեզ կմիանա նաեւ ԱՄՆ-ից համանախագահ Մեթյու Բրայզան»,-նկատել է Յուրի Մերզլյակովը: