15 հոկտեմբերի 2016 - 15:01 AMT
Հոկտեմբերի 16-ին Երևանի որոշ փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի

Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված «Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնի» անցկացմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ին, առավոտյան ժամը 07:00-ից մինչև 13:30-ը մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:

Տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլինեն մասնավորապես Հանրապետության, Ստ. Շահումյանի անվ. հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Թամանյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի, Պռոշյան փողոցները: Երթևեկության համար նշված ժամանակահատվածում փակ կլինի նաև Հրազդանի կիրճի մինչև Դավթաշենի կամուրջ ընկած հատվածը (ժամը 08։00-ից): Փակ կլինեն նաև Հաղթանակի կամուրջը, Աթենքի, Արգիշտի, Բեյրութի, Վ. Սարգսյանի փողոցները, Աբովյան փողոցից մինչև Պուշկինի փողոց, Սախարովի հրապարակից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածները, ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Կիսամարաթոնը բաց է և պրոֆեսիոնալ, և սիրողական վազորդների համար՝ անկախ փորձառության մակարդակից: Այն 4 տարբեր երկարությամբ վազքուղի ունի. 1 կմ՝ նախատեսված 6-12 տարեկան երեխաների համար, ինչպես նաև 5, 10 և 21 կմ երկարությամբ վազքուղիներ: Վերջին տարիներին կիսամարաթոնը դարձել է կարևոր սպորտային միջոցառում՝ ներգրավելով աշխարհի տարբեր ծայրերից բազում մասնակիցների, որոնք գալիս են Հայաստան՝ վազքարշավին իրենց լավագույնս դրսևորելու համար: