15 հոկտեմբերի 2016 - 16:06 AMT
Գինեգործների միության նախագահ. Խաղողի դիմաց պարտքը հնարավոր է վճարվի 7-8 ամսում

2016թ. ՀՀ-ում մթերվել է խաղողի 95%-ը՝ 105 հազար տոննա՝ մեկ կիլոգրամի դիմաց 115-117 դրամով: Այս մասին լրագրողներին հայտնել է Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

«Աճի տեմպեր կան 2015-ի համեմատ: Նաեւ սպիրտի արտահանումն է աճել: Կարծես ճգնաժամից դուրս ենք գալիս, թեեւ 2015-ի կուտակված պարտքերը դեռ կան: Չի նշմարվում, որ 2015-ից պարտք մնացած գործարանները մոտ ապագայում միանգամից կմարեն պարտքը»,-ասել է Հարությունյանը, մեջբերում է Aravot.am-ը:

Հարությունյանը նշել է, որ գործարանները գյուղացիներին մթերված խաղողի դիմաց 2016-ից դեռեւս 650 միլիոն դրամ ունեն վճարելու. «Դա այն գումարն է, որի դիմաց գրավ չկա, ուստի դրա միանվագ ստացման հույսեր չկան: Գուցե գործարանները 7-8 ամսում դա փակեն: Այս տարվա խաղողը դարձյալ պարտքով է վերցված, բայց վճարման հստակ ժամկետներ են սահմանված»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան հայտարարությանը, որ գուցե պայմանավորվեն Ռուսաստանի հետ՝ հայկական արտադրության խմիչքները մեկ բրենդի ներքո արտահանելու նպատակով, Հարությունյանն ասել է, որ միայն 1 գործարան համաձայն չէ ՌԴ խմիչք արտահանել միասնական բրենդի ներքո:

«Բոլոր գործարանները համաձայն են, իսկ Կոնյակի գործարանը դրա կարիքը չունի: Դա մեր պատմության ամենահարուստ բրենդն է: Նա ընդհանուր բրենդի կարիք չունի: Փոքր գործարաններն ամբողջությամբ են համաձայն, մեծ գործարանները՝ որոշակիորեն»,-հայտնել է նա:

Ըստ բանախոսի՝ հայկական խմիչքների իրացման խնդիր չկա, փոխարենը որակի խնդիրն է. «Մինչեւ 1500 դրամանոց՝ միջին որակի գինու իրացման խնդիր ունեք, մինչդեռ մեզանից ակնկալում են թանկ եւ ունիկալ գինիներ»:

Կարդացեք նաև՝ Գյուղնախարարը՝ Քաղցրաշենի և Այգեզարդի խաղողագործներին. Պարտքերի վերադարձը կվերահսկվի