17 հոկտեմբերի 2016 - 11:37 AMT
Էրդողանի կողմնակիցները հայերին ուղղված վիրավորական կարգախոս են վանկարկել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Տրապիզոնում հրավիրած հանրահավաքի ժամանակ մասնակիցները հայերին հասցեագրված վիրավորական կարգախոս են վանկարկել:

«Հիշեք, թե ինչ էի ասում ձեզ: Մի օր պիտի մեռնենք չէ՞: Պիտի: Բայց մի մարդու պես մեռնել կա… (Մի բան կասեի, բայց դա չեմ ասի)… մեկ էլ կնոջ պես մեռնել»,- հայտարարել է Էրդողանը, թուրքական Haber.sol.org լրատվական կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Էրդողանի այս խոսքերն ուղեկցվել են հանրության «Հայ բիճերը մեզ չեն վախեցնի» վանկարկումներով: Ելույթի տեսագրության մեջ երևում է, որ Թուրքիայի նախագահը ոչ միայն չի փորձել դադարեցնել այս աղաղակները, այլև քթի տակ ծիծաղելով շարունակել է ելույթը:

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ հանրահավաքի ժամանակ հնչեցված այդ ռասիստական վանկարկումների համար հայց է ներկայացնելու դատարան:

Եվրոպայի խորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովը (ECRI) հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ զեկույցը, որի համաձայն Թուրքիայում ատելություն պարունակող արտահայտությունների համար հիմնականում ոստիականություն կամ դատարան չեն դիմում, իսկ դիմելու դեպքում էլ օրենքը խախտողները չեն պատժվում: Հակառակը` ոլորտը կարգավորող օրենքները հիմնականում կիրառվում են խոցելի խմբերին լռեցնելու համար:2014 թվականի ընթացքում հրեաների, հայերի, քրդերի, քրիստոնյաների, հույների, ալևիների, արաբների և սիրիացի փախստականների, ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելություն հռետորաբանության կիրառման մոտ 500 դեպք է արձանագրվել:

Էրդողանի՝ «Ներեցեք, ինձ նույնիսկ հայ են ասել» արտահայտությունը նույնպես ներառվել է զեկույցում, որպես ատելություն պարունակող արտահայտություն:

Կարդացեք նաև՝ Փայլանը դատական հայց է ներկայացրել «Ամենալավ հայը մեռած հայն է» վանկարկած թուրքերի դեմ