Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է օրերս մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգում ծառերի հատման վերաբերյալ լրատվամիջոցներով հնչած ահազանգին:
Հարցի առնչությամբ քաղաքապետին զեկուցվել է, որ դեռևս 2015-ին վերոնշյալ տարածքում մասնագետների կողմից կատարվել է ծառերի ուսումնասիրություն և կազմվել է ծերացած ծառերի վերափոխման վերաբերյալ համապատասխան մասնագիտական եզրակացություն: Զեկուցվել է նաև, որ համաձայն մասնագիտական եզրակացության՝ ծառերի չորացումն ամենևին պայմանավորված չէ տվյալ տարածքի բարեկարգման աշխատանքներով:
Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքները սկսելուց առաջ հանրությանը նախապես իրազեկել նախատեսված աշխատանքների մասին:
«Մինչ կոնկրետ գործողություններին անցնելը, նախ պատշաճ իրազեկեք հանրությանը, որպեսզի տվյալ աշխատանքների հետ կապված անհարկի մտահոգություններ չառաջանան: Առավել ևս, երբ նշում եք, որ դեռ նախորդ տարի է տվյալ տարածքում կատարվել մասնագիտական ուսումնասիրությունն ու տրվել է համապատասխան եզրակացություն:
Քաղաքացիները պետք է հստակ տեղեկացված լինեն, որ ծառերի էտի կամ հատման վերաբերյալ մեր կողմից տրված թույլտվության հիմքում առկա է մասնագիտական համապատասխան եզրակացություն: Նախապես չիրազեկելու արդյունքը մեր համաքաղաքացիների կողմից հնչեցվող արդարացի մտահոգությունն է, որի հետ կապված ցանկացած պարզաբանում, ըստ էության, արդեն ուշացած է ու հնչում է որպես արդարացում: Այս հարցում եղեք խիստ հետևողական», - ընդգծել է Մարգարյանը:
Քաղաքապետը հանձնարարել է բնապահպանության վարչությանը նախապատրաստվել ծառերի աշնանային խնմաքի պատշաճ կազմակերպմանն ու առաջիկա աշնանային ծառատունկին: