18 հոկտեմբերի 2016 - 13:42 AMT
Հայաստանը 89-րդն է զբոսաշրջային մրցակցության վարկանիշում

Հայաստանը 89-րդն է 141 երկրի թվում զբոսաշրջային մրցակցության The Travel & Tourism Competitiveness Report վարկանիշում` տեղ զբաղեցնելով Բոտսվանայի և Հոնդուրասի միջև:

Զբոսաշրջային մրցակցության վարկանիշը հրապարակվում է տարին 2 անգամ «Համաշխարհային տնտեսական համաժողովի» կողմից: Հայաստանը վարկանիշում հավաքել է 3,42 միավոր 7 հնարավորից, որը հավասար է աֆրիկյան Բոտսվանայի ցուցանիշին:

2013-ին ՀՀ-ն 79-րդն էր 140 երկրի թվում, իսկ 2011-ին` 90-րդը 139-ի թվում:

Վարկանիշը կազմվում է 14 գործոնի հիման վրա, այդ թվում` բարենպաստ գործարար ակտիվություն, անվտանգություն, ճանապարհային և ավիացիոն ենթակառուցվածքներ, բնական և մշակութային պաշարներ, գների մակարդակ և մուտքի արտոնագրերի տրամադրման կանոնների խստություն:

Վրաստանը վարկանիշում 71-րդն է, Ադրբեջանը` 84, Թուրքիան և Ռուսաստանը` 44 և 45 տեղերում են համեմատաբար: Իրանը վարկանիշում 97-րդն է:

Վարկանիշի առաջատարներն են Իսպանիան, Ֆրանսիան և Գերմանիան, վատագույն ցուցանիշներն ունեն Անգոլան, Գվինեան և Չադը:

Շվեյցարական «Համաշխարհային տնտեսական համաժողով» ոչ կառավարական կազմակերպությունն առավել հայտնի է որպես Դավոսի ամենամյա հանդիպումների կազմակերպիչ: Համաժողովում մշտապես քննարկվում են առավել սուր համաշխարհային խնդիրները: Հիմնադրամը հիմնվել է 1971-ին: