18 հոկտեմբերի 2016 - 17:42 AMT
ԱՆ. Ինչպես խուսափել գրիպից և դրա բարդություններից

Հայաստանի Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը համահունչ է եվրոպական տարածաշրջանում, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում տիրող համաճարակային պատկերին: Նկատվում է սուր շնչառական վարակների բնականոն, օրինաչափ ընթացք:

Հոկտեմբերի 3-9-ն արձանագրվել է սուր շնչառական վարակների 1873 դեպք, 2015-ին՝ 1846, 2014-ին 2105:

Կատարված լաբորատոր հետազոտությունների համաձայն` այսօր հանրապետությունում շրջանառում են միայն շնչառական վարակների հարուցիչներ՝ ռինովիրուսներ, պարագրիպ և ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ: Գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել:

Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.

- խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

- եթե հիվանդ եք, մնացե'ք տանը,

- եթե հիվանդ եք, հրավիրե'ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի զբաղվեք ինքնաբուժմամբ,

- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,

- հագնվե´ք եղանակին համապատասխան,

- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

- հետևե´ք անձնական հիգիենային: