19 հոկտեմբերի 2016 - 10:46 AMT
Դուդուկահարների ֆլեշմոբ-փառատոն է անցկացվել Գեղարքունիքում

Հոկտեմբերի 17-ին «Գեղարեգ» կրթամշակութային ՀԿ-ն «Անկախության սերունդ» ծրագրի շրջանակներում Գավառում անցկացրել է դուդուկահարների ֆլեշմոբ-փառատոն:

Երաժշտական միջոցառումը կազմակերպվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Երաժիշտ մասնագետները՝ դուդուկի մասնագիտացված դպրոցի, Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցի ներկայացուցիչները, Գեղարքունիքի մարզի տարբեր քաղաքների և գյուղերի երաժշտական դպրոցներում նախապես իրականացրել են լսումներ։ Ընտրվել է 15 պատանի և երիտասարդ դուդուկահար, որոնք էլ հոկտեմբերի 17-ին իրենց կատարումներով հանդես են եկել փառատոն-ֆլեշմոբի ընթացքում։

«Անկախության սերունդ» ծրագիրը ներառում է մի շարք միջոցառումներ։ Դրանց թվում են՝ սեպտեմբերի 21-ին Գավառում անցկացված անկախության ֆլեշմոբը, հոկտեմբերի 7-ին կայացած անկախության քայլերթը։ Առաջիկայում տեղի են ունենալու ազգային պարի, հայրենասիրական երգի, դաշնակահարների, երգչախմբային, ստեղծագործողների փառատոներ, որոնք ընդգրկելու են Գեղարքունիքի մարզի շնորհալի երիտասարդներին։