25 մայիսի 2007 - 19:04 AMT
Բաքվում դատում են եւս մեկ զինվորի, որ անցել է ղարաբաղյան կողմը եւ վերադարձվել հայրենիք
Բաքվում Ծանր հանցագործությունների գործերով ռազմական դատարանի դատավոր Իսկենդեր Հաջիեւի նախագահությամբ հունիսի 1-ին կսկսվի Էլդանիզ Նուրիեւի գործով դատավարությունը, որին մեղադրում են հայրենիքին դավաճանելու համար: Է.Նուրիեւի դեմ մեղադրանք է հարուցվել Ադրբեջանի ՔՕ 274 հոդվածով (պետական դավաճանություն):

Հիշեցնենք, որ ադրբեջանական բանակի շարքային Է.Նուրիեւը, ծնված 1979 թվականին, անցել էր ղարաբաղյան կողմը 2006 թվականի դեկտեմբերի լույս 31-ի գիշերը Ֆիզուլու ուղղության ԼՂ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում եւ ձերբակալվել ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից: Հետագայում նրան հանձնեցին ադրբեջանական կողմին:

Նշենք, որ անցած շաբաթ Ադրբեջանի Ծանր հանցագործությունների գործերով ռազմական դատարանի դատավոր Ջամաի Ռամազանովի նախագահությամբ ավարտվել է Ադրբեջանի ազգային բանակի զինծառայող Վուսալ Հարաջաեւի գործով դատավարությունը: Մեղադրյալը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Ծանր հանցագործությունների մասին գործերի քննչական վարչությունում Հարաջաեւի դեմ քրեական գործ էր հարուցվել ՔՕ 274` դավաճանություն հայրենիքին եւ 338.1` պահակախմբի փոխարինման կանոնների խախտում հոդվածներով: Հարաջաեւը ղարաբաղյան կողմն էր անցել զենքը ձեռքին եւ ձերբակալվել ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից 2006 թվականի դեկտեմբերի 7-ին Աղդամի ուղղության ԼՂ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Դեկտեմբերի 23-ին նա հանձնվեց ադրբեջանական կողմին: