Լեգենդար բրիտանական The Rolling Stones ռոք խումբը չեղարկել է ամերիկյան Լաս Վեգասում կայանալիք երկու համերգներից մեկը վոկալիստ Միկ Ջագերի հիվանդության պատճառով:
«Ափսոսանքով հայտնում ենք, որ հոկտեմբերի 19-ին T-Mobile Arena-ում կայանալիք The Rolling Stones-ի համերգը չեղարկվել է: Խմբի մենակատար Ջագերը լարինգիտով է հիվանդացել և բժիշկները խորհուրդ են տվել չծանրաբեռնել ձայնալարերը»,-ասվում է խմբի կայքում:
Կազմակերպիչները կարող են հետաձգել համերգը: Դեռ հայտնի չէ տեղի կունենա արդյոք երկրորդ շոուն, որը նախանշված է հոկտեմբերի 22-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հոկտեմբերի սկզբին բրիտանական The Rolling Stones-ը հայտարարել էր, որ մտադիր է նոր ալբոմ թողարկել, որն առաջինը կլինի ավելի քան 10 տարում: Խումբը սեղմ տեսահոլովակ է հրապարակել Twitter-ում, որտեղ կոլեկտիվի մասնակիցները բլյուզ մեղեդիներ են նվագում շրթհարմոնով: Երաժիշտները չեն ճշտել ոչ ալբոմի անվանումը, ոչ թողարկման հստակ ամսաթիվը:
Ալբոմի ձայնագրությանը մասնակցել է երաժիշտ Էրիկ Քլեփթոնը: Խմբի վերջին A Bigger Bang ստուդիական ալբոմը թողարկվել է 2005-ի սեպտեմբերին: