19 հոկտեմբերի 2016 - 13:35 AMT
Ծեծկռտուք փախստականների ֆրանսիական ճամբարում. Կա 1 սպանված և վիրավորներ

Ծեծկռտուք է տեղի ունեցել ֆրանսիական Պա դե Կալե դեպարտամենտում գտնվող փախստականների ճամբարում, որի արդյունքում 1 մարդ զոհվել է, երկուսը` հոսպիտալացվել, հայտնում է France-Press գործակալությունը դեպարտամենտի պրեֆեկտուրայի ներկայացուցչի վրա հղումով:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ի երեկոյան Նորան Ֆոնտ կոմունայում, ծեծկռտուքին մասնակցել են Սուդանից և Էրիթրեայից եկած փախստականները: Այդ ճամբարում 150-200 միգրանտ կա: Նորան Ֆոնտը Կալեից մոտավորապես 60 կմ հեռավորության վրաէ:

Սա փախստականի սպանության առաջին դեպքն է նման հանգամանքներում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Այս պահի դրությամբ առնվազն 9.000 ապօրինի միգրանտ է ապրում ֆրանսիական Կալեում, որտեղ սկսվում է Եվրաթունելը: Նրանք ցանկացած հնարավորություն են որոնում Լա Մանշը հատելու և Մեծ Բրիտանիայում հայտնվելու համար: Փախստականների մեծ մասը Ֆրանսիա է փախել Էրիթրեայից, Սուդանից և Սոմալիից, ինչպես նաև Սիրիայից և Աֆղանստանից:

Ֆրանսիայի նախագահ Օլանդը սեպտեմբերին հայտարարել է, որ մինչև հոկտեմբերի 24-ն այդ ճամբարը պետք է ամբողջությամբ տարհանվի: