19 հոկտեմբերի 2016 - 14:20 AMT
Պոպով. ԼՂ լուծումը կարգավորման միասնական փաթեթ է ենթադրում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ադրբեջան և Հայաստան կայցելեն հոկտեմբերի երրորդ տասնօրյակում: Այդ մասին հայտարարել է ռուս համանախագահ Իգոր Պոպովը:

«Մենք մտադիր ենք տարածաշրջան այցելել հոկտեմբերի երրորդ տասնօրյակում: Կայցելենք Հայաստան, Ադրբեջան, կլինենք Ղարաբաղում: Հանդիպումներ կլինեն ղեկավարության, զինվորականների հետ: Մտադիր ենք քննարկել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, որոնք ուղղված են իրավիճակի կայունացմանը հակամարտության գոտում»,-ասել է Պոպովը, հայտնում է Ինտերֆաքսը:

Ըստ նրա, համանախագահները ՀՀ և Ադրբեջանի ղեկավարության հետ կքննարկեն բանակցային գործընթացի հեռանկարները` հաշվի առնելով եղած աշխատանքային առաջարկները:

«Կճշտենք ռազմական իրավիճակը հակամարտության գոտում, որն, ըստ մեր գնահատականների, ապրիլյան իրադարձություններից հետո մինչև վերջերս հարաբերականորեն հանգիստ էր»,-ասել է նա:

Պոպովը մեկնաբանել է մի շարք ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե պայմանավորվածություն կա ԼՂ 5 շրջան Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ:

«Մենք բազմիցս ենք խոսել ԼՂ մերձակա տարածքների հարցի մասին: Այդ խնդիրը պետք է համապարփակ դիտարկել կարգավորման մյուս տարրերի հետ միասին` ներառյալ Ղարաբաղի կարգավիճակի հարցերը, փախստականների վերադարձը, ԼՂ-ն Հայաստանի հետ կապող միջանցքի պահպանումը, խաղաղապահ գործողությունը: Կարգավորման գործընթացը միասնական փաթեթ է և դրանից այս կամ այն կողմի նախընտրած առանձին կետերն առանձնացնելու բոլոր փորձերն անարդյունավետ են»,-հավելել է նա:

Ինչպես հայտնի է Բաքուն է կարգավորման փուլային տարբերակի կողմնակից: Ավելի վաղ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով ղարաբաղյան հիմնախնդրի փուլային կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները, ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջադրված փաստաթուղթը ենթադրում է ղարաբաղյան հիմնախնդրի՝ փոխադարձ զիջումների վրա հիմնված փաթեթային լուծում: «Այդ փաթեթային կարգավորման առանցքային տարրերից մեկն է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը՝ համապատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության>,-ասել է նա:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն իր հերթին վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների ու փոխզիջումների միջոցով ու հավելել. «Բայց ինչպիսի՞ փոխզջում: Չի կարող լինել զիջում, այն էլ՝ միակողմանի: Փոխզիջումը պետք է լինի համարժեք: Այդ փոխզիջումը կամ կարգավորումը չպետք է գայթակղություն ստեղծի Ադրբեջանի մոտ, որպեսզի նա հարցը կարգավորի ռազմական ճանապարհով: Մենք ասել ենք, որ չի կարող լինել վերադարձ ոչ կարգավիճակի, ոչ սահմանների առումով»:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: