26 մայիսի 2007 - 16:42 AMT
Բացվել է «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալը
Հունիսի 1-ից միջազգային «Զվարթնոց» օդանավակայանը ուղեւորներին կսպասարկի մեկնման նոր սրահում: Նոր տերմինալի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել երեկ մայիսի 25-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, հայազգի արգենտինացի գործարար, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության սեփականատեր, «Զվարթնոցի» կոնցեսիոներ` «Արմենիա միջազգային օդակայաններ» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանի, կառավարության անդամների, խորհրդարանի պատգամավորների, Հայաստանի գործարար շրջանակների, դեսպանատների ներկայացուցիչների մասնակցությամբ: «Այսօր մենք ուրախությամբ շահագործման ենք հանձնում օդանավակայանի նոր տերմինալը: Երբ վեց տարի առաջ մենք ցանկություն հայտնեցինք իրականացնել այս ծրագիրը, շատերը կասկածում էին հաջողությանը, սակայն այսօր սա լավագույն ուղեւորատար տերմինալն է տարածաշրջանում»,-նշել է Էդուարդո Էռնեկյանը` հավելելով, որ այս տերմինալի կառուցումը ներդրումային ծրագրի առաջին մասն է: Տերմինալի շինարարության մեջ ներդրվել է շուրջ 100 մլն դոլար: Կոնցեսիոները նշել է, որ մինչեւ 2010 թվականը «Զվարթնոց» օդակայանի կազմակերպության մեջ կներդրվի եւս 100 մլն դոլար:

Հանդես գալով օդանավակայանի բացման հանդիսավոր միջոցառման ժամանակ, նախագահ Քոչարյանը նշել է, որ այս հոյակապ կառույցը ճիշտ կարտացոլի ապագա Հայաստանի կերպարը` բարեկեցիկ, տնտեսական աճով, մրցունակ: Նախագահի խոսքերով, սա տնտեսության մեջ արված ամենախոշոր ներդրումներից մեկն է, մասնավորապես, այնպիսի ոլորտում, որը կնպաստի երկրի հետագա զարգացմանը: Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Էռնեկյանին կատարված աշխատանքի համար եւ ցանկացել է ներդրումային ծրագրի երկրորդ փուլի հաջող իրագործում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:

Երեւանի «Զվարթնոց» օդակայանի արդիականացման համար մասնավորապես Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ Ներդրումների ու զարգացման գերմանական ընկերությունը 30 մլն դոլար վարկ են տրամադրել 7 տարի ժամկետով: