Հոկտեմբերի 20-ին Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել կառավարության անդամներին:
Վարչապետը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը հանձնարարական է տվել՝ շեշտելով, որ տևական ժամանակ է, ինչ բնակչության շրջանում դժգոհություններ են առաջանում ԴԱՀԿ գործունեությունից:
Ըստ Կարապետյանի, հարցը, մասնավորապես առնչվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական տույժերի հարկադիր կատարման ընթացքում առաջացած խնդիրներին․
«Օրինակ՝ քաղաքացուն չեն ծանուցում վարչական ակտի մասին, բայց նրա դրամական միջոցներն արգելանքի են վերցվում կամ գույքի վրա արգելանք է դրվում, բայց քաղաքացուն չեն տեղեկացնում: Հանձնարարում եմ արդարադատության նախարարին, առաջինը, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կատարողական վարույթը հարուցվի միայն այն դեպքում, եթե ամբողջովին պահպանված են օրենքով նախատեսված պահանջները: 2-րդ՝ եռամսյակը մեկ ամփոփել և տեղեկություն ներկայացնել, թե որ մարմիններն են կատարման ակտեր ներկայացնում՝ չպահպանելով օրենսդրության պահանջները:
3-րդ՝ մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն հարկադիր կատարողի կողմից պարտապաններին՝ վերջիններիս գույքի վրա արգելանք դնելու մասին անհապաղ ծանուցումն ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզմների ստեղծման մասով՝ էլփոստի միջոցով, sms և այն»։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին հանձնարարական է տվել գյուղական բնակավայրերի տրանսպորտի խնդիրների ուղղությամբ մարզպետների հետ համատեղ ուսումնասիրել հարցը:
արչապետն անդրադառնալով լիցենզավորման խնդրին ասել է՝ «Լիցենզավորման մասին գործող օրենսդրության համաձայն՝ կան լիցենզիաների տեսակներ, որոնք տրամադրվում են բացառապես իրավաբանական անձանց: Իրատեսական է լիցենզիաների որոշ տեսակներն իրավաբանական անձանց տրամադրել բացառապես էլեկտրոնային եղանակով: Հանձնարարում եմ լիցենզիա տրամադրող պետական մարմիններին ուսումնասիրել իրավաբանական անձանց միայն էլեկտրոնային եղանակով լիցենզիաները տրամադրելու հնարավորությունը և ներկայացնելու առաջարկություններ». մեջբերում է Aravot.am-ը:
Էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանն էլ վարչապետը հանձնարարական է րվել՝ երեք շաբաթյա ժամկետում պետք է ներկայացվի ընդերքի ոլորտում տիրող ներկա վիճակի համալիր վերլուծություն․ «Մասնավորապես, տրված թույլտվություններն ըստ հանքավայրի տեսակի, տրված թույլտվություններին համապատասխան կնքված պայմանագրային պարտավորությունների կատարման իրավիճակը, պայմանագրային պարտավորությունները խախտած ընկերության օրենքով նախատեսված գործիքակազմը և մոտեցումները: Կարծում եմ՝ հանձնարարականի իմաստը պարզ է»:
Վարչապետը հանձնարարականներ էր տվել նաև նախորդ նիստին, ուստի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարել է միասին առանձին քննարկել դրանց հանձնարարականների կատարման իրավիճակը, կարգապահությունը և կատարման բովանդակությունը:
Կարդացեք նաև՝Գյուղական բնակավայրերում տրանսպորտի հիմնախնդիրները՝ Գործադիրի ուշադրության կենտրոնում