20 հոկտեմբերի 2016 - 15:20 AMT
«Շիրակ» օդանավակայան բյուջետային ավիափոխադրողներ ներգրավելու շուրջ բանակցում են

ՀՀ կառավարությունը նախատեսում է բյուջետային ավիափոխադրողներ ներգրավել Գյումրիի «Շիրակ» օդանավակայան: Այդ մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Մենք այս պահին բանակցություններ ենք վարում բիզնես, էկոնոմ դասի չվերթներ առաջարկող ավիաընկերությունների հետ՝ այդ թռիչքները դեպի Գյումրի օդանավակայան ուղղելու նպատակով», - ասել է կարապետյանը:

2016 թվականի հունվար-սեպտեմբերին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 784.208 մարդ, ժամանել՝ 758.292 մարդ։ Այս տվյալներն է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

Նույն ժամանակահատվածում «Շիրակ» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 3.915 մարդ, ժամանել՝ 3.150 մարդ։Օդային ճանապարհով ՀՀ-ից մեկնողների և ՀՀ ժամանողների թվի տարբերությունը կազմում է 26.681 մարդ։