20 հոկտեմբերի 2016 - 16:39 AMT
Կարապետյան. ՃՈ-ն պետք է ոչ թե թաքուն տեղերում տեսախցիկ դնի, այլ վթարները կրճատի

Ճանապարհային ոստիկանները պետք է ոչ թե թաքուն տեղերում տեսախցիկներ դնեն, այլ աշխատեն վթարները կրճատելու ուղղությամբ: Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Հենց այսօր ԴԱՀԿ-ի հետ կապված հանձնարարականը քննարկելիս խոսել ենք այն մասին, որ ճանապարհային ոստիկանության նպատակային գլխավոր ֆունկցիան պետք է լինի ոչ թե շատ տուգանք գրելը, առավելագույն բարենպաստ վիճակներում տեսախցիկ դնելը, որպեսզի մենք մեր քաղաքացուն գցենք անհարմար վիճակի մեջ, այլ հակառակը՝ նվազեցնենք վթարների քանակը», - ասել է վարչապետը, գրում է Aravot.am-ը:

Հոկտեմբերի 20-ին Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել կառավարության անդամներին:

Վարչապետը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը հանձնարարական է տվել՝ շեշտելով, որ տևական ժամանակ է, ինչ բնակչության շրջանում դժգոհություններ են առաջանում ԴԱՀԿ գործունեությունից: