20 հոկտեմբերի 2016 - 18:36 AMT
Զախարովա. Մոսկվան կողջունի Թուրքիայի կառուցողական դերը ԼՂ կարգավորման հարցում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում փոփոխությունների շուրջ քննարկումներ չեն ընթանում, սակայն Մոսկվան միայն կողջունի, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները՝ այդ թվում և Թուրքիան, կառուցողական դերակատարում ունենան՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Այս մասին հոկտեմբերի 20-ին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան

«Մինսկի խմբի բոլոր անդամների ուղղակի պարտականությունն է ներդրում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում», - ասել է Զախարովան, մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ավելի վաղ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի հավանական դրական դերակատարման մասին հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, ապահովելով նորմալ տնտեսական համագործակցություն տարածաշրջանում, դա այնպիսի կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում», - հայտարարել էր նա: