21 հոկտեմբերի 2016 - 13:19 AMT
Մոուրինյոն բացատրել է, թե ինչու Մխիթարյանը չի մասնակցել «Ֆեներբախչեի» դեմ խաղին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչու չի ընդգրկել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Եվրոպայի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ֆեներբախչեի» դեմ խաղի (4:1) հայտացուցակում: Հանդիպումից առաջ մասնագետն ասել էր, որ հայ ֆուտբոլիստn ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է խաղալ, գրում է Championat.com-ը:

«Մենք ընդգրկեցինք Լինգարդին, Մատուին և Մարսիալին: Ես Էյնշտեյնը չեմ և չգիտեմ այնպիսի մարտավարական սխեմա, որի դեպքում դաշտում միանգամից 4 վինգեր կլինի: Հենրիխը պետք է շարունակի աշխատել, որպեսզի նրա մարզավիճակը թույլ տա իրեն խաղալ բարձր մակարդակով: Ես որոշեցի, որ այդ օրը Հենրիխի համար ավելի լավ կլինի մի լավ մարզվել, քան նստել պահեստայինների նստարանին և իր շանսին սպասել: Սակայն, նա պատրաստ է շուտով վերադառնալ խաղադաշտ»,-ասել է Մոուրինյոն:

Վերջին անգամ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել սեպտեմբերի 10-ին Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում: Մխիթարյանը վնասվածք էր ստացել օգոստոսի 31-ին Չեխիայի ընտրանու հետ հանդիպման ընթացքում:

Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով: