21 հոկտեմբերի 2016 - 11:28 AMT
Բուլղարների համաշխարհային ասոցիացիան ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հռչակագիր

Հոկտեմբերի 15-16-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացել է «Բուլղարների համաշխարհային ասոցիացիա» կազմակերպության ներկայացուցչական մարմնի՝ Բուլղարների համաշխարհային պառլամենտի 7-րդ հերթական նստաշրջանը, որին մասնակցել են մեծ թվով պատվիրակներ ինչպես Բուլղարիայից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից:

Նստաշրջանին միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հռչակագիր, որում, մասնավորապես, նշվում է, որ պատմական իրողություն հանդիսացող և մարդկության դեմ իրականացված այս հանցագործությունը, որին զոհ է դարձել 1մլն 650 հազ. հայ, վաղեմության ժամկետ չունի, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախատեսվում է հռչակագիրն առաջիկայում ներկայացնել ԲՀ Ժողովրդական ժողովի ուշադրությանը:

2015-ին Բուլղարիան դատապարտել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը «զանգվածային սպանություններ» ձևակերպմամբ: Պատճառը թուրքական ծագումով բուլղարացիների մեծ քանակն է, որոնք միշտ դեմ են հանդես գալիս Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

1396-1878թթ. Բուլղարիան եղել է Օսմանյան կայսրության կազմում: 1876թ. Թուրքիան դաժանորեն ճնշեց ապրիլյան ապստամբությունը Բուլղարիայում: Սերբիան ու Չերնոգորիան պատերազմ հայտարարեցին Օսմանյան կայսրությանը: Ռուսաստանն աջակցեց սլավոնական ժողովրդներին և 1877թ. ապրիլի 24-ին պատերազմը սկսեց: Բուլղարիայում այդ պատերազմն անվանեցին Ազատագրական պատերազմ:

Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև 1878թ. մարտի 3-ին կնքված Սան Ստեֆանոյի խաղաղ պայմանագրով Բուլղարիան դարձավ անկախ պետություն: