Հայկական եկեղեցու մասին բանաձևի քննարկումն ուկրաինական խորհրդարանում կրքեր է բորբոքել:
Պատգամավոր Միկոլա Կնյաժիցկիի հեղինակած նախագծում առաջարկվում է 2016-ի հոկտեմբերի 25-ին նշել Արևմտյան Ուկրաինայում Հայ կաթողիկե եկեղեցու լուծարման 70-ամյա տարելիցը:
Փաստաթղթում հեղինակը հիշեցնում է, որ 1945-ին Արևմտյան Ուկրաինայում մեկնարկած արևելյան կաթոլիկ եկեղեցիների ոչնչացման առաջին զոհերից էր Հայ կաթողիկե եկեղեցին: Ըստ պատմական աղբյուրների, Լվովի Հայ կաթողիկե թեմի լուծարման ճշգրիտ ամսաթիվը համարվում է 1946 թվականի հենց հոկտեմբերի 25-ը:
Առաջին հայացքից ոչ-քաղաքական այս առաջարկի շուրջ քննարկումը, սակայն, ուկրաինական Ռադայում վերածվել է սկանդալի: Պատգամավորները մեկը մյուսին հերթ չտալով հիշել են Հայաստանի Հանրապետության «անվերապահ աջակցությունը ռուսական ագրեսիային», «Ղրիմի բռնակցումը Հայաստանի կողմից երբևէ չդատապարտելն ու առհասարակ վերջին տարիներին Հայաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ վարվող քաղաքականությունը»:
«Ամենայն հարգանքով վերաբերվելով մեր հայազգի եղբայրներին, թույլ տվեք հիշեցնեմ, որ Հայաստանը մի երկիր է, որը ճանաչել է Ղրիմի բռնակցումը և չի աջակցել Ուկրաինայի ազգային ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Խնդրում եմ գործընկերներիս չմոռանալ այդ մասին», - Ռադայի ամբիոնից մինչ քվեարկությունը հայտարարել է պատգամավոր Օլեգ Լյաշկոն, ապա դիմել Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին․ - «Պահանջում ենք դատապարտել Ռուսաստանի ագրեսիան Ղրիմում, ճանաչել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և աջակցել Ռուսաստանի ագրեսիայի դեմ մեր պայքարին»:
Իրավիճակը փորձել է մեղմել Ռադայի փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոն՝ կոչ անելով զանազանել պետական և եկեղեցական գործերը: Իր հերթին, փաստաթղթի հեղինակ Կնյաժիցկին հայտարարել է, թե խորհրդային իրավապահների կողմից 1946 թվականին սպանված հայերը որևէ առնչություն չունեն ժամանակակից հայկական պետության հետ:
Պատգամավոր Լյաշկոն պնդել է, թե փաստաթղթում պետք է հատուկ դրույթ ավելացվի, որը Հայաստանի իշխանություններից կպահանջի դատապարտել ռուսական ագրեսիան և աջակցել ուկրաինացիներին: «Հայաստանը ճիշտ նույն ձևով տառապում է ռուսական ագրեսիայից, ինչպես Ուկրաինան», - համոզմունք հայտնեց ուկրաինացի պատգամավորը:
Ըստ պաշտոնական տվյալների ավելի քան 130-հազարանոց հայկական համայնք ունեցող Ուկրաինայի խորհրդարանը, այդուհանդերձ, պատգամավորների բացարձակ մեծամասնության կողմ ձայներով որոշում է կայացրել 2016-ի հոկտեմբերի 25-ին նշել Արևմտյան Ուկրաինայում Հայ կաթողիկե եկեղեցու լուծարման 70-ամյա տարելիցը: Հոկտեմբերի 20-ին Գերագույն ռադան հավանություն է տվել համապատասխան օրինագծին: