22 հոկտեմբերի 2016 - 11:20 AMT
ԻՊ գրոհայինները Մոսուլում մոտ 300 մարդու են գնդակահարել

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը 284 մարդու է գնդակահարել իրաքյան Մոսուլ քաղաքի հարավային արվարձանում:

Գրոհայինները որպես կենդանի վահան են օգտագործել տղամարդկանց և կանանց Իրաքի բանակի և նրա դաշնակիցների գրոհի ժամանակ: Գնդակահարությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 20-ին և 21-ին: Այնուհետև մարմինները բուլդոզերներով գցել են եղբայրական գերեզմանի մեջ քաղաքի հյուսիում` փլուզված գյուղատնտեսական քոլեջի տեղում, հայտնում է Lenta.ru-ն:

Ավելի վաղ ՄԱԿ-ը մտավախություն էր հայտնել, որ ահաբեկիչները միտումնավոր մոտ 550 ընտանիք են տարհանել Մոսուլի մերձակա 2 գյուղից, հետագայում բնակիչների որպես կենդանի վահան օգտագործելու նպատակով: Հոկտեմբերի 21-ին ԻՊ-ն հարձակվել է Քիրկուկում անվտանգության շենքի վրա, որը գտնվում էր 175 կմ հեռավորության վրա Մոսուլից դեպի հարավ-արևելք:

Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: