22 հոկտեմբերի 2016 - 12:46 AMT
Ուորլիք. Ալիևը պատրաստ է հանդիպել Սարգսյանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում: Այդ մասին հոկտեմբերի 22-ին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Հոկտեմբերի 21-ի երեկոյան համանախագահները ժամանել են Բաքու: Այնուհետև նրանք կայցելեն Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:

«Ես անձամբ եմ խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա հայտարարել է, որ հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Նա պատրաստակամություն է հայտնել հանդիպելու առաջարկությունները քննարկելու համար: Կան որոշակի նպատակներ, մենք կքննարկենք դրանք: Մենք կքննարկենք նաև նախագահների հաջորդ հանդիպման կազմակերպման հարցը: Ադրբեջանի նախագահը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու ՀՀ նախագահ Սարգսյանի հետ այդ գործընթացի շրջանակում»,-հայտարարել է ամերիկացի դիվանագետը:

Ավելի վաղ դիվանագետը հույս էր հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կպայմանավորվեն առաջիկայում հանդիպման մասին և կշարունակեն երկխոսությունը: Նա ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջիկա հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն Վիեննայում և Պետերբուրգում ավելի վաղ կայացված որոշումների իրականացմանն առնչվող հարցեր:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: