Տևական ժամանակ տարբեր շրջանակների կողմից հետևողականորեն ու շարունակաբար շրջանառության մեջ է գործարար Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին թեման, ֆեյսբուքյան էջում գրում է Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Հոկտեմբերի 24-ին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց են հավաքվել մի խումբ քաղաքացիներ: Նրանք կոչ են արել Ծառուկյանին վերադառնալ քաղաքականություն:
«Խորհուրդ եմ տալիս արհեստական սոցիոլոգիական հարցումների կազմակերպման, փողոցներում մարդկանց հարցուփորձ անելու գործելաոճը դադարեցնել: Առանց այդ ամենի էլ Գագիկ Ծառուկյանը տեղյակ է և իր դիրքի և մարդկանց շրջանում վայելած հեղինակության մասին:
Եվ եթե մենք չենք բարձրաձայնում, թե նմանատիպ բովանդակությամբ քանի հազար նամակ, հեռախոսազանգ կամ հանդիպման խնդրանք է ստանում պարոն Ծառուկյանը, ապա դա նշանակում է, որ այս պահին բացարձակապես չկա դրա անհրաժեշտությունը: Բազմիցս նշել եմ, սակայն ևս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել. Գագիկ Ծառուկյանը այս թեմային կանդրադառնա միմիայն այն ժամանակ, երբ ինքը անհրաժեշտ և նպատակահարմար կգտնի:
Իսկ մինչև այդ արհեստականորեն ուղղորդվող նմանատիպ բոլոր նախաձեռնությունների հեղինակներին հորդորում եմ զուր չվատնել իրենց ժամանակն ու ջանքերը, քանզի անկախ ձեր ցանկացած տեսակի շահագրգռվածությունից, սա ձեր որոշելիքը չէ», - մասնավորապես գրել է Տոնոյանը: