26 հոկտեմբերի 2016 - 12:57 AMT
ՔԱԿ հետ կապերի կասկածանքով ձերբակալվել են Դիարբեքիրի համաքաղաքապետերը

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող և քրդերի ոչ պաշտոնական մայրաքաղաքը համարվող Դիարբեքիրի համաքաղաքապետերին:

«Ձերբակալվել են քաղաքի համաքաղաքապետեր Գյուլթան Քիշինակը և Ֆիրաթ Անլին»,-ասվում է քաղաքի վարչակազմի հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Երկու ղեկավարն էլ Տարածաշրջանների ժողովրդավարական կուսակցության անդամ են, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ կապերի մեջ:

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին երկրի հարավ-արևելքում տեղական ինքնակառավարման մարմինների 28 ղեկավարների պաշտոնանկության մասին: Որոշումն ընդունվել է երկրում հեղաշրջման փորձից հետո գործող արտակարգ դրության շրջանակում:

ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որը ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։

Կարդացեք նաև՝ Թուրքիայում 61 նահանգի ոստիկանապետեր են պաշտոնանկ արվել