26 հոկտեմբերի 2016 - 11:02 AMT
ՄԽ համանախագահներն ամփոփել են այցը տարածաշրջան. Իրավիճակը «հարաբերականորեն հանգիստ» է

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հոկտեմբերի 23-25-ին այցելել են տարածաշրջան:

Osce.org կայքը հաղորդում է, որ այցի շրջանակում համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ:

Համանախագահների այցի նպատակն էր, ըստ աղբյուրի, քննարկել հակամարտության գոտում ապրիլյան աննախադեպ սրացման հետևանքով ստեղծված իրավիճակն ու հստակեցնել բանակցային գործընթացում ներգրավված կողմերի դիրքորոշումները:

Հանդիպումների ժամանակ կողմերը հաստատել են, որ իրավիճակը ներկայում կարելի է որակել որպես «հարաբերականորեն հանգիստ»: Համանախագահները ևս մեկ անգամ ընդգծել են, որ հրադադարի ռեժիմի պահպանումը հիմնարար նախապայման է բանակցությունների շարունակման համար՝ հավելելով, որ ավելի վաղ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների ամբողջական իրագործումը շատ կարևոր է:

‪Բացի այդ, համանախագահները քննարկել են ներկայիս աշխատանքային առաջարկները, որոնք ուղղված են երկարաժամկետ խաղաղության հաստատմանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, ապա նրանք ներկայացրել են իրենց տեսակետները բանակցային գործընթացն առաջ տանելու համար:

ԵԱՀԿ կայքը հաղորդում է, որ համանախագահները մտադիր են ընթացիկ տարվա դեկտեմբերին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակում հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ քննարկելու երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպումն ամենակարճ ժամկետներում կազմակերպելու հարցը:

Տարածաշրջան կատարած այցի ժամանակ համանախագահները հանդիպել են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու կազմակերպության կատարած աշխատանքն անհայտ կորածների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հարցում:

Հոկտեմբերի 21-ի երեկոյան համանախագահները ժամանել են Բաքու: Այնուհետև նրանք այցելել են Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: