30 մայիսի 2007 - 19:27 AMT
Ախալքալաքի ռուսական կայանի ունեցվածքով ավտոշարասյունը ժամանել է Հայաստան
Գյումրիի (Հայաստան) 102-րդ ռուսական ռազմակայանի տարածք է ժամանել Ախալքալաքի (Վրաստան) 62-րդ ռազմակայանի ունեցվածքով բեռնված ավտոշարասյունը, չորեքշաբթի հայտնել է Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի օգնական, գնդապետ Իգոր Կոնաշենկովը: Նա նշել է, որ ըստ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ կնքված համաձայնագրի 62-րդ ռուսական ռազմակայանը գոյություն կունենա մինչ 2007 թվականի վերջ:

Կոնաշենկովը հայտնել է, որ հինգշաբթի Վրաստանի տարածքից Ռուսաստան է ծրագրվում ուղարկել ռազմական երկաթուղային էշելոն 12-րդ ռուսական ռազմակայանի (Բաթում) սպառազինությամբ եւ ունեցվածքով:

Վրաստանի տարածքից Ռուսաստան եւ 102-րդ ռուսական ռազմակայան (Գյումրի) մինչ տարվա վերջ ծրագրվում է ուղարկել եւս 14 ռազմական երկաթուղային էշելոն եւ մեկ ավտոշարասյուն, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: