27 հոկտեմբերի 2016 - 10:06 AMT
Հակառակորդը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց:

Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ ( ՀԱՆ-17 /12 արկ/) և ձեռքի հակատանկային նռնականետ ( ՁՀՆ-7 /2 արկ/):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 26-ին հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (ՀԱՆ-17) և հակատանկային հաստոցավոր նռնականետ (ՀՀՆ-9):

Հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում` ժամը 17:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գուրգեն Ավետիքի Այվազյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: