27 հոկտեմբերի 2016 - 13:30 AMT
Ցեղասպանության մասին հայկական կարճամետրաժը՝ վավերագրական ֆիլմերի «Օսկարի» կարճ ցանկում

Լոս Անջելեսում բնակվող հայազգի ռեժիսոր Նարե Մկրտչյանի՝ Ցեղասպանությանը նվիրված «Տան մյուս կողմը» (The Other Side of Home) վավերագրական ֆիլմը ներառվել է «Օսկարի» հավակնորդ ֆիլմերի կարճ ցանկում: Հոկտեմբերի 26-ին Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է 10 կարճամետրաժ ֆիլմի ցանկը, որոնք «Օսկարի» են հավակնում «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում:

Ֆիլմը պատմում է թրքուհի Մայայի մասին, որը պարզում է՝ իր տատը Ցեղասպանությունը վերապրած հայերից մեկն է: Մայայի ներաշխարհում պայքար է սկսվում. իրար են բախվում Ցեղասպանությունը վերապրած մարդն ու կատարվածը հերքողը:

«Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմ է, որը ներկայացնում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ Մայայի այցը Հայաստան: Մայայի դերակատարը թրքուհի է:

Նարե Մկրտչյանի տատն ու պապը վերապրել են Հայոց ցեղասպանությունը: Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ նա որոշել է ֆիլմ նկարահանել ոչ թե կատարվածի, այլ՝ մարդկանց մասին:

«Օսկարի» 89-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2017 թվականի փետրվարի 26-ին: