27 հոկտեմբերի 2016 - 15:03 AMT
Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակվելու մասին չի ուզում խոսել. Դեռ վաղ է

Քաթարյան Аl Jazeera հեռուստաալիքը հատուկ ռեպորտաժ է պատրաստել հուլիսին Երևանում ՊՊԾ գնդի գրավման մասին, ներկայացնելով դեպքի մանրամասներն ու հանրության և իշխանության արձագանքը: Տեսանյութի հեղինակները զրուցել են նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ ի թիվս այլ հարցերի անդրադառնալով նաև նրա քաղաքական պլաններին:

«Հայաստանում խորհրդարանական հաջորդ ընտրությունները տեղի կունենան մայիսին: Ու թեև շուտով կավարտվի Սարգսյանի պաշտոնավարման 2-րդ ժամկետը, վերջերս ընդունված նոր վիճելի Սահմանադրությունը նրան հնարավորություն կտա երկարաձգել իր իշխանությունը երկրում՝ դառնալով վարչապետ»,- նշում է հոդվածագիրը՝ նշելով, որ նոր Սահմանադրությամբ Հայաստանը կառավարման նախագահական ձևից անցում է կատարում խորհրդարանականին:

Երբ այս մասին հարցրել են Սերժ Սարգսյանին` խնդրելով պատասխանել իր վարչապետի պաշտոնում նշանակվելու մասին հարցին, Սարգսյանը նշել է. «Կարծում եմ, դեռ շատ վաղ է նման խոսակցությունների համար»:

Մեկնաբանելով «Սասնա ծռերի» պահանջները դիմակայության օրերին, Սերժ Սարգսյանը նշել է, որ «նրանց պահանջը ոչ թե Ձեր ասած անձնավորության (Ժիրայր Սեֆիլյանի-խմբ.) ազատ արձակելն էր, այլ նրան Հայաստանի դիկտատոր նշանակելը»: Նա հավելել է, որ երկրորդ պահանջը ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցություններում որևէ տարածքի հանձման գաղափարից հրաժարվելն էր:

Մեկնաբանելով գնդի գրավման օրերին «Սասնա ծռերին» ի աջակցություն տեղի ունեցող ցույցերը, Սարգսյանը նշել է, որ դա զարմանալի չէ: «Ո՞ր երկրում չկա ագրեսիվ փոքրամասնություն: Կարող եմ բերել օրինակներ շատ զարգացած և բարեկեցիկ եվրոպական երկրներից, որոնց բնակչության մի հատված, օրինակ, սատարում է շատ ծանր հանցագործություններ կատարած մարդկանց», - ասել է ՀՀ նախագահը:

2015-ի հոկտեմբերին՝ սահմանադրական բարեփոխումների մեկնարկին, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե Հայաստանն անցնի կառավարման խորհրդարանական ձևին, չի հավակնի վարչապետի պաշտոնին. «Ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Մեկ մարդը Հայաստանում երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին»: