31 մայիսի 2007 - 19:58 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը հերքում է հայտարարություններն այն մասին, որ Հայաստանն ու Ղարաբաղը բավական բարդ հարաբերություններ ունեն
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կտրականապես համաձայն չէ ամերիկյան մամուլում հնչեցրած կարծիքի հետ այն մասին, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը բավական բարդ հարաբերություններ ունեն: «Մեր հարաբերությունները շատ հարթ են եւ նորմալ, առանց հատուկ հակասությունների: Մենք միշտ համատեղ աշխատանք ենք վարել, եւ ԼՂՀ իշխանությունները, հատկապես նախագահը, միշտ տեղեկացված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ցանկացած զարգացման մասին»,- նշել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:

Հիշեցնենք, որ Christian Science Monitor թերթն օրերս մի հոդված է հրապարակել, որում պնդում է, որ «Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, մեղմ ասած, բարդ հարաբերություններ ունեն: Գործնականում, Հայաստանը տատանվում է անկախ Ղարաբաղի եւ Հայաստանի մաս հանդիսացող Ղարաբաղի միջեւ»: