28 հոկտեմբերի 2016 - 16:28 AMT
Թուրքիայում քրդամետ կուսակցության համանախագահի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի նկատմամբ հետաքննություն է սկսել:

Հետաքննությունը սկսվել է Դիարբեքիրի ձերբակալված քուրդ համաքաղաքապետեր Գյուլթեքին Քըշանաքի և Ֆըրաթ Անլըի համար կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ Դեմիրթաշի ունեցած ելույթի պատճառով, թուրքականDemokrathaber.org-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Նշվում է, որ հետաքննությունը Դեմիրթաշին որպես կասկածյալ է ներգրավվել «Ժողովրդին օրենքներին չենթարկվելու կոչ անելու, Թուրքիայի Հանրապետության դատական օրգանները անարգելու, նախագահին վիրավորելու, հանցանքն ու հանցավորին գովաբանելու» մեղադրանքով:

Հոկտեմբերի 27-ին ունեցած բողոքի ցույցի ժամանակ Դեմիրթաշը ելույթում մասնավորապես ասել է. «Կատարվածը չենք ընդունելու որպես սովորական իրադարձություն: Մինչ այժմ միշտ վաղաժամ ընտրություններ ենք տեսել: Սրանից հետո վաղաժամ ընտրություններ չեն լինելու. Պայքարելու ենք մինչև քաղաքապետարանները վերադարձնեն մեզ: 81 նահանգում (Թուրքիայի-խմբ.) փողոց են դուրս գալու մեր բոլոր ընկերները: Հետքայլ չի լինելու»: