Ծաղկաձոր քաղաքում լեռնադահուկային սպորտով զբաղվող երիտասարդության համար չկան ժամանցի կենտրոններ, Welcome to Armenia համաժողովի ընթացքում ասել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
«Ծաղկաձորում ամեն բան լավ է, ձյան որակը լավն է, սակայն ժամը 2-3-ից հետո երիտասարդությունն անելու բան չունի: Չկան որևէ ժամանցի կենտրոններ, բացի կազինոներից», - նշել է Ռոստոմյանը:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն առաջարկել է Ծաղկաձոր հրավիրել Սերժ Թանգյանին, որի համերգը բազմաթիվ երիտասարդների կգրավի:
«Աբու Դաբիում «Ֆորմուլա-1» մրցաշարը համարվում է գերշահութային սպորտաձև ոչ միայն սպորտի առումով, այլ նրանով, որ ընթացքում հրավիրում են հայտնի երգիչներ՝ համերգներով: Առաջարկում եմ, օրինակ, հրավիրել Սերժ Թանգյանին՝ Ծաղկաձորում համերգ տալու, որը կարող է գրավել 100-150.000 մարդ», - ասել է Ռոստոմյանը:
Հանրապետության հրապարակում 2015-ի ապրիլի 23-ի երեկոյան աշխարհահռչակ System of a Down խմբի «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայության երևանյան համերգը մոտ 50.000 մարդ էր հավաքել: