Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայ երկրպագուներին հորդորում է անհաջողության դեպքում «չհարձակվել» մարզչի վրա: Նա այդ մասին ասել է Վանաձորում ֆուտբոլի ակադեմիայի բացումից հետո լրագրողների հետ զրույցում:
«Մեր հավաքականի երկրպագուները թույլ չեն տալիս մեր մարզչին աշխատել: Երկրպագուները դեռևս խաղի մեկնարկային րոպեներին գոռում են «Սուքիասյան, հեռացիր»: Այնպես են անելու, որ ոչ մի մարզիչ չցանկանա հավաքականը գլխավորել, ինչպես հիմա Վարդան Մինասյանը, ով չի ուզում հավաքականի մասին լսել: Մեր երկրպագուները փորձանք են դառձել», - ասել է Հայրապետյանը, մեջբերում է Aysor.am-ը:
Խոսելով Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի մասին, նա նշել է՝ ժամանակն է՝ հենց Պետրոսյանը գլխավորի մեր ազգային ընտրանին:
«Արթուր Պետրոսյանը եղել է մեր հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից մեկը: Արթուրին առաջարկել եմ 4 տարվա պայմանագիր կնքել, սակայն նա հրաժարվել է: Նրա հետ կնքել ենք երկու տարվա պայմանագիր», - հայտնել է Հայրապետյանը:
Նրան հարցրել են նաև Ռոբերտ Արզումանյանի և Յուրա Մովսիսյանի՝ հավաքական չհրավիրվելու մասին:
Ֆեդերացիայի նախագահը պատասխանել է, որ անկախ գլխավոր մարզչի որոշումից՝ ինքը թույլ չի տալու այդ խաղացողներին հրավիրվել ազգային թիմ, գրում է Armsport.am-ը:
«Արթուր Պետրոսյանին ազատություն է տրված ֆուտբոլիստների ընտրության հարցում: Չեն հրավիրվի այն խաղացողները, որոնք, գտնում եմ, խախտել են հավաքականի կարգապահությունը և վնաս են բերել ազգային թիմին. օրինակ Յուրա Մովսիսյանը և Ռոբերտ Արզումանյանը. իմ իրավունքն է, ես թույլ չեմ տա հրավիրել նրանց», - ասել է Հայրապետյանը:
Վանաձորում հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել ֆուտբոլի ակադեմիայի բացումը: Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Լոռու մարզային ու քաղաքային իշխանությունները:
Ակադեմիայի կառուցման ծրագիրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Ֆուտբոլի եվրոպական միության կողմից իրականացված համատեղ ներդրումային ծրագիր է: Հայկական ֆուտբոլի ռազմավարական զարգացման ծրագրի շրջանակներում 2010-2014թթ. շահագործման հանձնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն ակադեմիան Երևանում և Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան՝ ՀՖՖ-ն ձեռնամուխ եղավ Վանաձորի, Էջմիածնի և Արմավիրի ֆուտբոլի ակադեմիաների կառուցմանը (վերջին երկուսի շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են):