31 հոկտեմբերի 2016 - 10:51 AMT
Վարչապետ. 2017-ի բյուջեով նախատեսվում է 3.2% տնտեսական աճ

2017 թվականի համար կառավարությունը նպատակադրել է ՀՆԱ-ի մոտ 3.2%-ի աճ: Այս մասին Ազգային Ժողովում հաջորդ տարվա բյուջեի շուրջ սկսված քննարկումների ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ վերջին 2 տարում Հայաստանի տնտեսությունն արտաքին աշխարհից եկող ցնցումներով է ուղեկցվում:

Ըստ նրա այս իրավիճակում դժվար է տնտեսական աճ ու կայունություն ապահովել, սակայն այդ նպատակով կառավարությունն անելու է ամեն ինչ.

«2017 թվականի համար կառավարությունը նպատակդրել է ՀՆԱ-ի շուրջ 3.2%-ի աճ, հաշվի առնելով տնտեսական պասիվությունը, այս ցուցանիշին հասնելու համար մեզնից բավական ջանքեր կպահանջվի»,-ասել է Կարապետյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ իրենք կանեն ամեն ինչ՝ դրան հասնելու համար, մեջբերում է Araratnews.am-ը:

Վարչապետը նշել է, որ վերջին երկու տարում ՀՀ տնտեսության անկումը պայմանավորված է ՌԴ տնտեսության դրությամբ և տրանսֆերտների նվազմամբ: Այդ նպատակով, ըստ նրա, հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է հակացիկլիկ, որը բերել է պետական պարտքի ավելացման: Կարեն Կարապետյանը նշել է, թե իրենց խնդիրն է բոլոր անհրաժետ քայլերը կատարել, որպեսզի մակրոտնտեսական կայունություն ապահովեն և նվազող բյուջեի միջոցով պարտքի կայունացման հասնեն: «Թափանցիկ գործելակերպով հարկատուների բյուջեի մուտքերը պետք է օգտագործել խնայողաբար, նպատակային, արդյուքնները՝ տեսանելի հանրության համար»,-ասել է նա:

Կարապետյանը շեշտել է՝ իրենց մոտեցումը հստակ է՝ հարկատուների կողմից վճարված բյուջետային եկամուտները պետք է օգտագործվեն խնայողաբար: Նպատակ է դրվում նաև, որ բիզնեսը, գործարար աշխարհը մաքսիմալ չճնշվի, որպեսզի հնարավորություն տրվի գործարարներին վերարտադրվել, և որպեսզի 2017 թվականի համար ստեղծվի կայուն պլատֆորմ, որ հետագայում հնարավոր լինի զարգացում ապահովել:

Կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է 2017թ. պետական բյուջեի նախագիծը:2017-ի բյուջեն կազմելու է 1 տրիլիոն 360 մլրդ դրամ: